ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 4 երկրի հանդեպ՝ իրենց ներգաղթյալներին հետ ընդունելուց հրաժարվելու համար
Международные новостиԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է Գվինեայի, Կամբոջայի, Սիերա Լեոնեի և Էրիթրեայի նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատժամիջոցներ սահմանելու պատճառն այդ երկրների հրաժարվելն է ԱՄՆ տարածքից արտաքսվող իրենց քաղաքացիներին ընդունելուց:
«ԱՄՆ քաղաքացիները տուժում են իրենց քաղաքացիներին ընդունելու այլ երկրների կառավարությունների մերժումից»,- նշել է ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար Թոմաս Հոմանը:
Սահմանված պատժամիջոցների շրջանակում Էրիթրեայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ կդադարի տրամադրել զբոսաշրջային և բիզնես վիզաներ, իսկ Գվինեայում, Կամբոջայում և Սիերա Լեոնեում կդադարեն տրամադրել վիզաներ տեղացի պաշտոնյաներին:
Կամբոջայում վիզաներ չեն տրամադրվի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին, իսկ Սիերա Լեոնեում՝ ԱԳՆ և միգրացիոն ծառայությունների բոլոր աշխատակիցներին:
Գվինեայի նկատմամբ սահմանվել են ավելի խիստ պատժամիջոցներ: ԱՄՆ դեսպանատունն այդ երկրում կդադարի զբոսաշրջային և բիզնես վիզաների տրամադրումը բոլոր կառավարական պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին: Բացի այդ, նրանք չեն կարողանա մեկնել ԱՄՆ՝ ուսման կամ փոխանակման ծրագրերի նպատակով: