Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ-ի կողմից. թուրք նախարար
Международные новостиԵվրոպական միության հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան իրեն խաբված է զգում Եվրամիության անդամ երկրների առաջնորդների կողմից։ Այդ մասին նա ասել է բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Թուրք նախարարը պնդել է, որ ԵՄ-ն չի կատարել Թուրքիային տված խոստումները, Չելիքը խոստումնազանց է անվանել հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի այն խոսքերին, թե մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությունն անհնարին է, թուրք նախարարն այդ հայտարարությունն անվանել է զարմացնող:
Չելիքը նաև մեղադրել է ԵՄ առաջնորդներին Թուրքիան և նրա դեմ քննադատությունները Եվրոպայի իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար օգտագործելու համար և հայտնել, որ իրենք առաջարկում են Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հետագա ճակատագիրը հստակեցնելու համար ԵՄ անդամ երկրների առաջնորդների հետ համատեղ գագաթնաժողով անցկացնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալն անհնար է և որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց ագրեսիվ հռետորաբանությանը՝ եվրոպացի առաջնորդներին անվանելով ֆաշիստ կամ նացիստ:
Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող:
Նա նաև նշել էր, որ եթե Թուրքիայի իշխանություններն ընդունեն մահապատժի մասին օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ: