Գերմանական պարբերականի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել Պուտինին «շուն» անվանելու համար
Международные новостиԳերմանական Focus պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբերտ Շնայդերը ներողություն է խնդրել հոդվածներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար՝ հավաստիացնելով, որ խմբագրությունը նախագահին նեղացնելու մտադրություն չի ունեցել: Այս մասին հայտնում է Deutsch.rt.com-ը:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Դենիս Միկերինը գրառում է արել Facebook-ում՝ նշելով, որ Focus պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբերտ Շնայդերը ներողություն է խնդրել աղմկահարույց ձևակերպման համար:
Միկերինի խոսքով՝ սեպտեմբերի 14-ին Շնայդերը զանգահարել է դեսպանատուն և ներողություն խնդրել պարբերականում տեղ գտած արտահայտության համար և ասել, որ խմբագրությունը ոչ մի կերպ չի ցանկացել նեղացնել կամ վիրավորել Պուտինին:
«Այդուհանդերձ, համաձայնելով մեր փաստարկների հետ, նա ընդունել է տվյալ ձևակերպման բացարձակ անպատշաճությունը և ներողություն խնդրել, այդ թվում՝ բոլոր ընթերցողներից, որոնց վրդովվեցրել է վիրավորական հատվածը», - ասել է Միկերինը:
Հիշեցնենք, որ Focus պարբերականի նյութում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շուն են անվանել: