Թբիլիսիի թիվ 103 դպրոցի վրացական մասն ավելի շատ հայ աշակերտ ունի, քան հայկական մասը
Международные новостиԹբիլիսիի Մետրոմշենի թաղամասի թիվ 103 դպրոցի հայկական հատվածն այս տարի առաջին դասարանցի 10 աշակերտ ունի, ավելի շատ հայ աշակերտ ունի նույն դպրոցի վրացական սեկտորը՝ 13 աշակերտ, հաղորդում է Aliq.ge-ն։
Դպրոցի փոխտնօրեն, հայկական բաժնի վարիչ Հասմիկ Պապիկյանը բացատրություն չի գտնում՝ ինչու են ծնողները նախապատվությունը տվել վրացական կրթությանը, ասում է՝ իրենց դպրոցում վրացերենի ու բոլոր առարկաների ուսուցման մակարդակը չի զիջում վրացականից: Դպրոցը ոսկե մեդալակիրներ է ունեցել, շրջանավարտները հաջողությամբ ընդունվում և սովորում են մայրաքաղաքի բուհերում:
«Այս տարի էլ մենք ծնողների հետ մեծ աշխատանք ենք տարել, սա հայախոս թաղամաս է, փորձել ենք հորդորել, որ երեխաներին հայկական սեկտոր ուղարկեն, բայց միշտ վերջին խոսքը եղել է ծնողինը»,-ասում է Հասմիկ Պապիկյանը:
Թիվ 103 դպրոցը վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել այս տարվա հունվարին: Դպրոցի հայկական մասն այս պահին 105 աշակերտ ունի: Այս տարի չունի 4-րդ և 6-րդ դասարաններ, դպրոցի հայկական մասի համար չի հնչի նաև վերջին զանգը. դպրոցական տարին մեկնարկեց առանց 12-րդ դասարանցիների:
