ԻՊ ահաբեկիչների՝ Մոսուլում մնացած կանանցից 500-ը Թուրքիայի քաղաքացիներ են. Իրաքի վարչապետ
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված Մոսուլում սպանված ԻՊ-ականների՝ տեղի ճամբարում մնացած շուրջ 1300 կանանցից 500-ը Թուրքիայի քաղաքացիներ են, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Աբադին շեշտել է, որ այս կանանց Թուրքիա վերադարձնելու շուրջ բանակցություններ են տարվում իրենց և թուրքական իշխանությունների միջև:
Իրաքի վարչապետը նաև խոսել է երկրի հյուսիսում գտնվող թուրքական «Բաշիքա» ռազմական ճամբարի մասին և նշել, որ Իրաքի իշխանությունները կպահանջեն Թուրքիայից ազատել տվյալ տարածքը:
Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Մոսուլում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների հազարից ավելի կանայք ու երեխաներ, որոնք տեղավորվել են քաղաքի հարավում գտնվող ճամբարներից մեկում և հիմնականում օտարերկրացիներ են: Ականատեսները վկայել են, որ ճամբարում գտնվող կանայք խոսում են թուրքերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Ենթադրություն էր հայտնվել, որ ԻՊ-ի զինյալների կանայք հիմնականում ծնունդով Եվրոպայից, Թուրքիայից, Ռուսաստանից և Միջին Ասիայի երկրներից են:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից սկսած: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին: