Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին «Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին» աջակցելու համար
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS NewsHour հեռուստածրագրին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի հյուսիսում թուրք-քրդական բախումների մասին ու մեղադրել ԱՄՆ-ին՝ քուրդ զինյալներին զենք տրամադրելու համար:
Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG), որոնք ահաբեկչական են համարվում Թուրքիայում և աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, ըստ Էրդողանի՝ լինելով ահաբեկիչ, չեն կարող և իրավունք չունեն պատերազմել Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
«Դուք դրանց ինչպե՞ս եք զենք տալիս: Այն դեպքում, երբ մենք անգամ նման զենքեր չենք կարող ստանալ, իրենց ինչպե՞ս եք տալիս: ԻՊ-ի դեմ մեկ այլ ահաբեկչական կառույցի միջոցով պայքարելու ԱՄՆ-ի մարտավարությունը սխալ է: Ես այս ամենի մասին խոսել եմ ամերիկացի մեր գործընկերների հետ», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նաև մեղադրել է ԱՄՆ իշխանություններին երկրում հեղաշրջման փորձ կազմակերպած ուժերին և, մասնավորապես, գլխավոր մեղադրյալ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին սատարելու համար:
Հիշեցնենք, որ ի հեճուկս Թուրքիայի համառ պահանջների՝ ԱՄՆ-ն դեռ չի արտահանձնել Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին:
«Դուք նախ ահաբեկիչներին իրենց անունով կոչեք, ահաբեկչին ահաբեկիչ ասեք», - ասել է Էրդողանը: