Թուրքական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Ստամբուլում հայկական եկեղեցուց դուրս եկած հայերի վրա քարերով հարձակման մասին
Международные новостиԹուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օրերս Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մոտ հայերի վրա ազգայնականների հարձակմանը: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում մկրտության արարողությունից հետո բակում տեղի ունեցած հյուրասիրության ժամանակ:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով հարձակվել է եկեղեցու բակում գտնվող հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:
Ենթադրվում է, որ հայերի վրա քարեր նետողներին դուր չի եկել, որ հյուրասիրության ժամանակ քրիստոնյաներն ալկոհոլ են օգտագործել:
Թեմայի շուրջ պարզաբանումներ էր տվել պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:
Վերջինս լրատվամիջոցներին պատմել է, որ միջադեպի ժամանակ տարածքում որևէ ոստիկան չի գտնվել:
Ավելի վաղ Օզուզունը թուրքական artigercek.com կայքում գրել էր. «Սովորաբար կիրակնօրյա պատարագների ժամանակ մինչև պատարագի ավարտը հայկական եկեղեցիների մուտքի մոտ անվտանգության ուժերը պահակություն են անում: Պետության պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անձի և ունեցվածքի անվտանգությունը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խոսք: Սակայն այլ հարց է, թե ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակության մեր իսկ հողերի վրա չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել»:
diken.com.tr-ը նշում է, որ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1807թ.-ին և վերջին անգամ վերանորոգվել 2006թ.-ին: