Էրդողանը գող ու ահաբեկիչ է անվանել Թուրքիայում բանտարկված լրագրողներին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի բանտերում գտնվող հարյուրից ավելի լրագրողները հիմնականում գող են ու ահաբեկիչ, այլ ոչ թե լրագրող: Ըստ Թուրքիայի նախագահի՝ միջազգային իրավապաշտպան կառույցները զուր են փորձում իրենց համոզել բաց թողնել նրանց:
Ամերիկյան Bloomberg TV-ին տված հարցազրույցում Էրդողանը նույնիսկ մեղադրել է կալանավորված լրագրողներին լրտեսության համար ու նշել, որ միայն Թուրքիայի արդարադատությունն է իրավասու նրանց հետ կապված որոշել՝ մնան բանտում, թե ազատություն ստանան:
«Լրագրող եմ» ասելով՝ լրագրող չեն դառնում: Դրանք լրագրող չեն, մեծ մասը գող ու ահաբեկիչ են: Ոմանք նույնիսկ բռնվել են բանկոմատներից գումար գողանալիս: Ներքաշվել են ահաբեկչության մեջ: Եթե կան ոմանք, որոնք արժանի են արդարացվելու՝ թուրքական արդարադատությունը կորոշի, դուրս կգան», - ասել է Էրդողանը:
Ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը: