Էրդողանը մեծ հույսեր ունի, որ թուրք-գերմանական հարաբերությունները կկարգավորվեն Գերմանիայում ընտրություններից հետո
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ հույսեր ունի, որ թուրք-գերմանական հարաբերությունները կկարգավորվեն Գերմանիայում կայանալիք ընտրություններից հետո, հայտնում է «Բիրգյուն» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ որևէ կարևորություն չի տալիս գերմանական ձախակողմյան քաղաքական ուժերի՝ իրենց դեմ ձեռնարկված «հարձակումներին»: Խոսելով գերմանացի թուրքերին ուղղված իր կոչի մասին՝ Էրդողանը նշել է. «Այնտեղ գտնվող մեր հայրենակիցները լավ գիտեն՝ ով է Թուրքիայի թշնամին»:
Հիշեցնենք, որ Գերմանիայում հակազդեցության էր արժանացել Էրդողանի՝ Գերմանիայի թուրքերին ուղղված կոչը, որով նախագահը պահանջել էր գերմանաբնակ թուրքերից «Թուրքիայի դեմ թշնամություն անող» որոշ կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ:
«Հուսով եմ, որ հարաբերությունները կփոխվեն դեպի լավը, քանի որ մենք Գերմանիայի ժողովրդի հետ խնդիր չունենք: Մեր խնդիրը Գերմանիայի իշխանությունների կատարած որոշ սխալների ու Թուրքիայի հանդեպ նրանց որդեգրած դիրքորոշման հետ է կապված», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են: Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: