Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93 տոկոսն «այո» է ասել անկախացմանը. լրատվամիջոցներ
Международные новостиԻրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը, այս մասին հայտնում է քրդական nerinaazad.net կայքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Ինչպես հայտնել էր Tert.am-ը՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:
Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են Քիրկուկի թուրքեմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա: Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:

Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:
«Իրաքի սահմանին՝ Սիլոփիի կողմից մեր ԶՈւ-ն զուր չէ քայլեր սկսել ձեռնարկել: Այս պահին Իրանն էլ է նույն վիճակում: Այս շաբաթվա մեջ էլ կձեռնարկենք մեր մյուս քայլերը: Իրաքյան Քուրդիստան մուտքն ու ելքը կփակվի: Դրանից հետո տեսնենք՝ ինչպես, ինչ ուղիներով են նավթ արտահանելու ու վաճառելու: Երբ մենք փակենք ճանապարհը՝ այս գործը հենց այդտեղ կվերջանա: Մենք երբեք թույլ չենք տա մեր սահմանին ահաբեկչական պատի ձևավորում, սա նրանց համար զուտ երազանք էլ կմնա, մենք երբեք թույլ չենք տա դա: Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք գալ, կգանք», - ասել էր Թուրքիայի նախագահը։