«Ռուս Տարզան». Ավստրալիայում տղամարդը 60 տարի ապրել է վայրի բնության պայմաններում (լուսանկարներ)
LifestyleԱվստրալիայում 85-ամյա տղամարդ է բնակվում, որը 60 տարի առաջ հրաժարվել է ժամանակակից հասարակությունից և ողջ մնացել՝ իր իսկ ձեռքերով սպանելով կոկորդիլոսների և վայրի վարազների: Այս և մի շարք այլ պատճառներով տեղացիները նրան անվանել են «ռուս Տարզան»:
Միխայիլ Ֆոմենկոն՝ վրացի դքսուհի Ելիզավետա Մաչաբելիի և աթլետ-չեմպիոն Դանիիլ Ֆոմենկոյի որդին, ծնվել է Վրաստանում, որն այն ժամանակ եղել է Խորհրդային Միության կազմում: 1930-ականների վերջին նրա ընտանիքին հաջողվել է փախչել Ճապոնիա, սակայն երեք տարի անց, երբ Ճապոնիան ներխուժել է Չինաստան, ստիպված է եղել կրկին փախուստի դիմել, այս անգամ՝ Սիդնեյ:
Լեզվական խոչընդոտի պատճառով Միխայիլը, ի տարբերություն երեք քույրերի, բարդ է հարմարվել նոր տեղում, քանի որ եղել է միակ օտարերկրացին դպրոցում: Ֆիզիկապես երիտասարդը շատ ուժեղ է եղել և պարբերաբար պարգևների է արժանացել տարբեր մրցումներում:
60 տարի առաջ Միխայիլը տեղափոխվել է Ավստրալիայի հյուսիս՝ աբորիգենների մոտ, և սնվել որսի շնորհիվ: Նա նավակ է պատրաստել և, առաջնորդվելով աստղերով, միայնակ 600 կմ անցել Տորեսի նեղուցով՝ հասնելով Նոր Գվինեայի ափ:
1959 թվականին տեղացիները գտել են սոված ու հիվանդ Միխայիլին և փրկել նրան: Հայրը տեղափոխել է նրան Ավստրալիա, սակայն վերջինս ապաքինվել է և կրկին ընտրել ազատությունը:

Մոր խնդրանքով ոստիկանությունը որոնել է Միխայիլին, և 1964 թվականին նրան ձերբակալել են թափառականության և ոչ պատշաճ պահվածքի համար: Նրան հոգեպես անառողջ են ճանաչել և տեղափոխել հոգեբուժարան, որտեղ ենթարկել են էլեկտրաշոկային թերապիայի:
1969 թվականին նա դուրս է գրվել հիվանդանոցից. բժիշկները հայտարարել են, որ «Տարզանը» վերադառնում է քաղաքակրթություն, սակայն նա անմիջապես վերադարձել է բնության գիրկ՝ կարճ ժամանակով գալով մոր թաղմանը 1988 թվականին:

Ապրելով բնության գրկում՝ «ռուս Տարզանը» շաբաթը երկու անգամ վազելով 25 կմ է անցել քաղաք հասնելու համար՝ նպաստ և սնունդ ստանալու նպատակով (ալյուր, շոկոլադ, «Կոկա կոլա» և կաթի փոշի):


Big Picture-ի հաղորդմամբ՝ Միխայիլ Ֆոմենկոն մինչև 2012 թվականն ապրել է աբորիգենների մոտ, այնուհետև հիվանդացել իր քրոջ մոտ գնալու ճանապարհին: Այժմ տղամարդն ապրում է ծերանոցում: Բուժքույրերի խոսքով՝ նա չի շփվում ոչ մեկի հետ, սակայն երջանիկ և գոհ է իր կյանքից: