Ո՞վ է վաճառում Բարզանիի նավթը. ըստ թուրք ազգայնական գործչի՝ Թուրքիան կխուսափի պատժամիջոցներ կիրառել Քուրդիստանի դեմ
Международные новостиԹուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Կայսերիից ընտրված անկախ պատգամավոր, թուրք ազգայնական գործիչ Յուսուֆ Հալաչօղլուն, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեն, քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ ակնարկելով, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին հենց իրենք են ժամանակին աջակցել:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Հալաչօղլուն հայտարարել է, որ ըստ իրեն՝ Իրաքյան Քուրդիստան ներխուժելու, այնտեղի քրդերին «մորթել-կախելու» մասին Թուրքիայի սպառնալիքներն այդպես էլ չեն իրականացվի:
«Բանը բանից անցավ՝ օդային ու ցամաքային սահմանը դեռ բաց է, նավթի վերամշակման կետերը շարունակում են աշխատել, ո՞ւր եք: Որոշ ժամանակ անց կպատճառաբանեն, թե Բարզանիի պատճառով չենք ուզում մի ամբողջ բարեկամ ժողովրդի թրի տակով անցկացնել, բայց իրականությունը սա է. ո՞վ է վաճառում Բարզանիի նավթը, ո՞վ է իրաքցի քուրդ փեշմարգաներին օգնել անցնել Սիրիա, ո՞վ էր Բարզանիի հետ ձեռք ձեռքի տված, աչքերը լցրած կանգնած Դիարբեքիրում: Նման պատժամիջոցների գնալը նման է ինքդ քո դեմ պատժամիջոցներ կիրառելուն», - գրել է Հալաչօղլուն:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը:
«Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու», - ասել է Էրդողանը: