7 ամսում ՌԴ-ին ու Թուրքիային հաջողվել է 30% աճ գրանցել առևտրաշրջանառության ոլորտում. Պուտին
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարվա առաջին 7 ամսում երկու երկրներին հաջողվել է 30 տոկոս աճ գրանցել առևտրաշրջանառության ոլորտում։ Ըստ Պուտինի՝ երկու կողմերին հաջողվել է լրացնել 2016թ.-ին ունեցած տնտեսական կորուստը:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, ՌԴ առաջնորդը շեշտել է, որ Թուրքիան և Ռուսաստանն իրենց համատեղ ջանքերով մեծ հաջողություններ են գրանցել սիրիական հիմնախնդրի լուծման հարցում և ստեղծելով անվտանգության գոտիներ՝ հաջողությամբ լուծել են Սիրիայի տարածքում իրենց առջև դրված մի շարք խնդիրներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Պուտինն ու Էրդողանն Անկարայում քննարկել են նաև գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, այդ թվում և թուրքական լոլիկների՝ Ռուսաստան մատակարարման հարցը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումն ավելի քան 1.5 ժամ է տևել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։