Կատալոնիայում հայտարարել են, որ հանրաքվեն կկայանա՝ «անկախ ամեն ինչից»
Международные новостиԿատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության մասին հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական: Այդ մասին RTBF հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ հանրաքվեին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է կատալոնացիների 70-80 տոկոսը, և նրանք պատրաստվում են օգտվել ձայնի իրենց իրավունքից: Նա վստահություն է հայտնել, որ «կատալոնական ոստիկանությունը կանի հնարավոր ամեն բան հասարակական կարգը երաշխավորելու համար» և «հավատարիմ կմնա» Կատալոնիայի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվե անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք: