Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ
Международные новостиԹուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։ Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն։
Նա ևս մեկ անգամ հնչեցրել է Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան շարունակում է մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողքին»։
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ երկրի քաղաքացիների այցն Արցախ «չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին: