Ադրբեջանական քարոզչամեքենան օր օրի հայտնվում է ծիծաղելի վիճակում՝ ընկնելով ինքն իր շուրջը լարած ստի ու կեղծիքի թակարդը: Այժմ էլ փորձում են միջազգային հանրությանը համոզել, որ Կարեն Պետրոսյանի մահը ձեռնատու էր հայկական կողմին, ավելին, ոչ ավել, ոչ պակաս կազմակերպվել էր Հայաստանի կողմից:
Day.az-ի բթամիտ վերլուծությունը հետևյալն է. մեկ օր առաջ Հայաստանում տեղի է ունենում խաղաղության երթ, որը լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցներով, հաջորդ օրը Ադրբեջանում մահանում է Կարեն Պետրոսյանը, որի մահը ներկայացվում է որպես գազանաբար արված սպանություն. ինչ կարծիք պետք է կազմի դեպքերին անտեղյակ միջազգային ընթերցողը՝ հարցնում է վերլուծաբանը: Ու այդ քարոզչամեքենան լուրջ դեմքով ցանկանում է ներկայացնել, որ հայերը ադրբեջանցիներին подстава են արել: Հոդվածագիրը ենթադրում է, որ Կարեն Պետրոսյանը Ադրբեջան ուղարկվելիս եղել է մահացու հիվանդ և, չնայած նրան, որ ազերիները Կարենին մատով չեն կպել (գոնե իրենց հրապարակած կադրերից ամաչեն), մահացել է պաշտոնական Երևանի նախատեսած ժամանակ՝ երևանյան խաղաղության երթի հաջորդ օրը:
Իսկապես ամոթալի է, որ գործ ունենք այսպիսի տհաս և պարզունակ հակառակորդի հետ, ով մոլորված հայ տղային փորձեց նախ որպես դիվերսանտ ներկայացնելով շոու սարքել, այնուհետև շոուի տապալումից հետո գազանաբար հոշոտեց ու հայտնվեց ինքն իր թակարդում: Ազերիների հրապարակած կադրերում արդեն իսկ Կարենը բառացիորեն հոշոտված վիճակում էր, իսկ տեսախցիկների առաջ հազիվ էին զսպում նրան մորթելու կիրքը: Այդ ինչ դարի հիվանդություն գիտեն ազիկները, որի դեպքում մարդու մահը կարելի է հաշվարկել 24 ժամվա ճշգրտությամբ, սակայն այդ նույն անբուժելի հիվանդը իր ոտքով գնում է հարևան, բայց ոչ բարեկամ երկիր, ընդ որում բռնության ենթարկվելուց հետո շարունակում է դեռ ոտքի վրա մնալ:
Ավելին, նույն քարոզչամեքենան բառացիորեն Կարենի մահվանից մեկ օր առաջ պնդում էր, որ նա դիվերսանտների խմբի հետ մտել է Ադրբեջան, նրան ձերբակալել են, իսկ մյուսները՝ ոչնչացվել են կամ փախուստի դիմել: Նպատակաուղղված կերպով Ադրբեջանի անվտանգության մարմիններում մահանալու ուղարկվող տղային ինչու պետք է ուղարկեն դիվերսանտների խմբի հետ, ավելին, նա փորձում է պաշտպանվել կամ փախչել, իրենք ձերբակալում են՝ մի կամազ ռազմամթերք հետը (ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի):
Եվ այսպես, ալիևյան բթամիտ քարոզչամեքենան հերթական անգամ ցույց տվեց, որ անգամ հեքիաթներ հորինելիս անտաղանդ է և միջազգային հանրության առաջ ներկայացավ տգետ ծաղրածուի լիակատար կերպարով: Նախ խայտառակ կերպով բացվեց Կարենի՝ դիվերսանտ չլինելու փաստը, այնուհետև բթամիտ ալիևյան քերթողները հրապարակ նետեցին ավելի պարզամիտ, ցանկացած բանական էակի մոտ խղճահարություն հարուցող թեզ: Խճճվելով իրենց հիմարությունների ցանցում՝ հավանաբար վաղը կհայտարարեն, որ Կարենը բիոլոգիական հեղուկ էր խմել՝ Մինգեչաուրի ջրամբարում միզելու համար, սակայն ադրբեջանական հերոսական զինվորների շնորհիվ նպատակին չհասավ...
Վարուժան Բաբաջանյան