Տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպում, որի ընթացքում Ծառուկյանը բառացիորեն ասել է. «Նախագահ ջան, ես թույլ չեմ տա, որ նստացույց անեն»: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել թե ԲՀԿ-ից, թե Նախագահի մամուլի ծառայությունից:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման և պայմանավորվածության վերաբերյալ լուրերը ասեկոսեներ է համարում,-այս մասին ասաց խոսնակը ORER.am-ի հետ զրույցում:
Հարցին, թե ՀՀ նախագահն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել և պայմանավորվե՞լ են, որ հանրահավաքներից հետո նստացույցեր չեն լինելու, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի բոլոր պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրությունների միջոցով լրատվամիջոցները տեղեկացվում են, այլ ասեկոսեների մակարդակով լուրերը մեկնաբանելու նպատակահարմարություն ես չեմ տեսնում»:
Շրջանառվող լուրերի մասին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկություններ ստանալու համար լրատվության բաժնի հետ կապ հաստատել չհաջողվեց: ՀՀ Նախագահի մամուլի խոսնակին մենք ուղարկել ենք գրավոր հարցում, որի պատասխանը կներկայացնենք հաջորդիվ: