Ղրղզստանում ձերբակալվել է Սիրիայում պատրաստություն անցած ահաբեկիչ
Международные новостиՂրղզստանում ձերբակալվել է Սիրիայում պատրաստություն անցած ահաբեկիչ, որը պատրաստվում էր ահաբեկչական ակտեր իրականացնել երկրում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի տարածած տեղեկատվությանը։
Երկրում իրականացվող հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերված ու ձերբակալված գրոհայինը հարում է միջազգային ահաբեկչական խմբավորումներից մեկին, ծնվել է 1994թ.-ին՝ Ղրղզստանի Ջալալաբադի մարզում:
Պարզվել է, որ երիտասարդ ահաբեկիչը հատուկ պատրաստություն է անցել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորման ճամբարներից մեկում, այնուհետև մասնակցել է մարտերի՝ հակակառավարական գործողությունների շրջանակներում:
Ավելի ուշ ղրղզ գրոհայինին ուղղորդել են մեկնել հայրենիք և ակտիվորեն պատրաստվել դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների՝ գտնվելով, այսպես ասած, «սպասողական ռեժիմում»: Նրա դեմ հարուցված է քրեական գործ:
Ներկայում Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կազմում է գտնվում Ղրղզստանի ավելի քան 500 քաղաքացի, որոնց թվում կան նաև անչափահաս երեխաներ:
Անցյալ տարի երկրի ներքին գործերի նախարարությունը ֆիքսել է ղրղզ երիտասարդների՝ ահաբեկչական կառույցների կողմից հատուկ քարոզչության միջոցով հավաքագրման փորձի 200 դեպք: