Ասում են` ՌԴ տիեզերաօդային ուժերից օգտվելու ենք. թան էլ չէ, բրդած մածուն Ձեզ. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նման համաձայնագրերը ՌԴ-ի հետ համեմատեց պրոֆեսիոնալ ղումարբազների հետ, ովքեր, ըստ նրա, երբ ուզում են գլուխ գովալ, ասում են` «մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռքիցդ կտանեմ»:
«Հիմա այս պայմանագրերով և, ընդհանրապես, վերջին 25 տարվա ընթացքում ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզանից տանում է, մենք էլ ասում ենք` միջազգային պրակտիկա է, նորմալ է: Ի՞նչն է նորմալ, որ ՌԴ-ն գա մեզ վերահսկի՞, տենա Իսկանդերը տեղնա, թե տեղը չի՞, ճիշտա՞ օգտագործվել, թե չէ՞: Հիմա սա մեխանիզմ է, որ մի հատ էլ օգտագործելիս ճշտես, կասեն, թե չէ»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի` իրենք այդպես էլ որևէ ապացույց չստացան, որ ՌԴ-ն նման պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, որ գնա տեսնի` քանի Սմերչ է Ղարաբաղի վրա բաց թողել:
Այնուհետև նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանին, ով բուռն ձևով պաշտպանում է համաձայնագիրը: Երբ դեռ չէր ներկայացրել Գեղամյանին, որպես՝ Կոմունիստական կուսակցության և ազգային միաբանության անդամ, Գեղամյանը տեղից արձագանքում էր Փաշինյանին:
Փաշինյանը ԱԺ նիստը վարողներին կոչ արեց հանգստացնել Գեղամյանին, ում ձայնը լսելի չէր:
«Գեղամյանն ասում է`Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարո՛ն Գեղամյան, դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ինչ գործ ունեք, դուք խոսեք Լենինիզմի, Մարքսիզմի մասին, ինչ գործ ունենք»,-ասաց նա:
Հետո անդրադարձավ մեկ ուրիշ ՀՀԿ-ականի` նկատի ունենալով Էդուարդ Շարմազանովին, թե պետք է հաշվի առնել Թուրքիայի գործոնը: «Մեկ ուրիշ ՀՀԿ-ական էլ ասում է` էտ ի՞նչ եք խոսում, Ձեզ թվում է եթե ռուսը չլինի թուրքերը ի՞նչ կանեն: Բայց ո՞վ է թուրքերի մասին խոսում, ասում ենք նույնն են, թուրք են էլի, չեն փոխվել, ռուսներն էլ, ամերիկացիներն էլ: Գնացեք պատմություն սովորեք։ Երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հողեր էին վերցնում թուրքերից, ի՞նչ էին ասում՝ հայերին ռադ արեք, կազակներին կբերեք, կբնակեցնեք: Գնացեք գիրք կարդացեք, գրքեր կտամ կրթական ցենզը կբարձրանա»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց, թե հիմա էլ ասում են` C 400 համակարգը չի խփում Իսկանդերը, ասում են, թե տիեզերաօդային ուժերը մեր տրամադրության տակ են լինելու, օգտվելու ենք. թան էլ չէ, բրդած մածուն Ձեզ, հա էսա մի քանիսը օգտվում էին, մեկը դուք էիք, հաստատ: Գնացեք դուք ճշտեք, թե ինչ մոդել է ձեզ վաճառելու, ու ինչ պայմանագիր կկնքի Թուրքիայի հետ, գնացեք տ ճշտեք, հո բարձր հայտարարելով չի՞»,-եզրափակեց նա: