Լռություն փոթորկից առաջ. Թրամփը հայտարարություն է արել Իրանի ու Հս. Կորեայի հարցով հանդիպումից հետո
Международные новостиՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտածելու լուրջ առիթ է տվել լրագրողներին, երբ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիսավոր ընթրիքից առաջ անսպասելի հայտարարություն է արել:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառումն անցկացվել է Սպիտակ տանը: Ընթրիքից առաջ 71-ամյա նախագահը երկրի ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իրանի ու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ:
«Իրանական ռեժիմն աջակցում է ահաբեկչությանն ու Մերձավոր Արևելքում բռնություն, քաոս է տարածում: Այդ պատճառով մենք պետք է վերջ դնենք Իրանի կողմից շարունակվող ագրեսիային ու միջուկային հավակնություններին: Շատ շուտով դուք Իրանի մասով հայտարարություն կլսեք» ,- ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Լրագրողների փոխանցմամբ՝ ընթրիքի սկսվելուց առաջ Թրամփը մատով ցույց է տվել դահլիճն ու հարցրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Գիտե՞ք՝ ի՞նչ է այս ամենը նշանակում, միգուցե սա լռություն է փոթորկից առաջ»:
Այնուհետ լրագրողները փորձել են Թրամփից ճշտել, թե «փոթորիկ» ասելով նախագահն ինչ է նկատի ունեցել:
«Կիմանաք»,-ասել է երկրի նախագահը:
Պարբերականը հայտնում է, որ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ չեղարկել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» հետ (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան) կնքված պատմական միջուկային համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, իսկ Արևմուտքը դրա դիմաց չեղարկել է տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Սակայն Թրամփն այն կարծիքին է, որ համաձայնագիրը չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից:
Հավելենք, որ «միջնորդ վեցյակի» մյուս 5 անդամները դեմ են համաձայնագրի չեղարկմանը: