Իրաքի ու Իրաքյան Քրդստանի իշխանությունները կարողացել են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել. լրատվամիջոցներ
Международные новостиԻրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին Իրաքի փոխնախագահներ Իյադ Ալավիի ու Ուսամա ան-Նուջեյֆիի հետ Սուլեյմանիայում օրեր առաջ անցկացրած հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Բաղդադի հետ բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնում է քրդական nerinaazad.net կայքը:
Ըստ քրդական լրատվամիջոցների՝ Բարզանին և Իրաքի երկու փոխնախագահները պայմանավորվել են շարունակել Քրդստանի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք պետք է կառուցվեն երկու կողմերի հստակ պահանջների վրա՝ այդ ընթացքում դեռ որևէ պատժամիջոց չկիրառելով Քրդստանի դեմ:
Կողմերը համաձայնել են բանակցությունները սկսել հնարավորինս կարճ ժամկետներում և դրանց անցկացման համար հատուկ մեխանիզմ մշակել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իրաքը, Թուրքիան և Իրանը համատեղ մեխանիզմ կմշակեն և պատժամիջոցներ կկիրառեն Իրաքյան Քրդստանի դեմ, այդ թվում՝ նավթի արտահանման ու վաճառքի հետ կապված: