ԱՄՆ-ն մերժել է վիզային ճգնաժամի կարգավորման համար հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը. լրատվամիջոցներ
Международные новостиՄիացյալ նահանգները մերժել է թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի կարգավորման համար ընդհանուր հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի թղթակիցներից Դույգու Գյուվենչը:
Գյուվենչը նշել է, որ մոտ օրերս Թուրքիա ժամանել պատրաստվող ամերիկյան պատվիրակությունն Անկարայում քննարկելու է ոչ թե թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամի հարցը, ինչպես դա ներկայացնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ, այլ իրականում խոսելու է սիրիական հիմնախնդրի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոնաթան Քոհենի գլխավորած պատվիրակությունը պետք է Անկարա ժամանի այս շաբաթ: Ընդ որում՝ հայտնի է, որ ամերիկյան կողմը մերժել է վիզային ճգնաժամի շուրջ բանակցելու առաջարկը: ԱՄՆ-ն նաև չի արձագանքել հարցի շուրջ ընդհանուր հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին: Թուրքիան նույնպես դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրումը: