Թուրքիայի քրդերը դատապարտել են Քիրկուկի վրա կազմակերպված գրոհը
Международные новостиԹուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ իրաքյան բանակի՝ Քիրկուկի վրա կազմակերպված գրոհը անընդունելի է աշխարհի բոլոր քրդերի համար և անվանել այն հարձակում քրդերի ազգային ինքնորոշման դեմ:
Rûdaw-ին տված հարցազրույցում կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը նշել է, որ աշխարհի ոչ մի քուրդ չի ընդունի Քիրկուկի վրա հարձակումն ու պահանջել Իրաքի իշխանություններից ճանաչել քրդական անկախության հանրաքվեի արդյունքները:
Ի պատասխան այն մեղադրանքներին, թե Իրաքյան Քրդստանը Քիրկուկում համագործակցել է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ, Բայդեմիրն ասել է.
«Պաշտպանել Քիրկուկը՝ նշանակում է պաշտպանել քուրդ ժողովրդի ընտրությունը: Ես հավատում եմ, որ բացի քրդերից Քիրկուկի արաբներն ու թուրքմեններն էլ են գնացել անկախության հանրաքվեին»:
Հիշեցնենք, որ այսօր Իրաքյան բանակը հայտարարել է վիճելի տարածք համարվող Քիրկուկի օդանավակայանը վերահսկողության տակ առնելու մասին:
Ավելի վաղ Իրաքի բանակը հայտնել էր Բեյ Հասան և Բաբա Գուրգուր նավթային հանքավայրերի հանդեպ վերահսկողություն սահմանելու մասին: Իրաքյան ուժերի ձեռքն է անցել նաև K-1 ռազմաբազան, NGC-ի գազային օբյեկտը, ինչպես նաև Քիրկուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան: