Կիևում Սաակաշվիլիի հանրահավաքին ընդառաջ փակվել են կենտրոնական փողոցները (լուսանկար)
Международные новостиՈւկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցներն ամբողջովին փակվել են տեղական իշխանությունների կողմից։ Բանն այն է, որ այսօր այդտեղ՝ Գերագույն ռադայի շենքի առաջ, պետք է տեղի ունենա Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ու իր կողմնակիցների հանրահավաքը:
Ինչպես գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինացի լրագրող Տատյանա Դանիլենկոյի ֆեսյբուքյան էջին, Կիևի հոկտեմբերյան պալատի բակում այժմ պատրաստություն են անցնում Ազգային գվարդիայի մարտիկները:
«Նույնիսկ Խրեշչյատիկի շքերթի ժամանակ նրանք (մարտիկները) այսքան շատ չէին: Կենտրոնական փողոցների այսպիսի զանգվածային արգելափակում երբևէ տեսած չկամ», - գրել է լրագրողը:
Լրագրող և կամավոր Յուրի Կասյանովն իր հերթին համեմատել է իրավիճակը Մայդանի իրադարձությունների հետ և նշել, որ անգամ այդ օրերին նման բան չի եղել:
«Միխոն (Սաակաշվիլին) դեռ ոչ, բայց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինն ահա ուր որ է կհարձակվի», - ասել է Կասյանովը:
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն էլ նկատել է, որ Ուկրաինայի իշխանությունները նախկինի պես փորձում են ցանկապատեր շարել խաղի կանոններն ու քաղաքական սերունդը փոխելու արդարացի պահանջների դեմ:
«Սա մենք արդեն ինչ-որ տեղ տեսել ենք, այդպես չէ՞: Այս խելահեղությունը միայն մոտեցնում է նրանց ավարտը», - նշել է պատգամավորը:
Ուկրաինայի իշխանություններն, իրենց հերթին, քաղաքի կենտրոնում նման զանգվածային արգելափակումների պատճառը բացատրում են Մալթայի նախագահի ժամանումով, որի համար պատրաստվում են կազմակերպել մի շարք պաշտոնական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին աջակցող ակտիվիստները պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, նոր օրենք ընդունել ընտրությունների վերաբերյալ ու չեղարկել պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը:
Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլին Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն էր հայտնել առ այն, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն վերացնելու փորձ կնախաձեռնեն:
Ընթացիկ տարվա հուլիսին Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Սեպտեմբերի 10-ին քաղաքական գործիչը մի խումբ աջակիցների ջանքերով ճեղքել է սահմանն ու Ուկրաինա վերադարձել: Այժմ Սաակաշվիլին մտադիր է պայքարել քաղաքացիության վերականգնման համար:
