ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը հասել է 43,7 միլիոն ռեկորդային ցուցանիշի. փորձագետներ
Международные новостиԻնչպես օրինական, այնպես էլ անօրինական ճանապարհով ԱՄՆ ժամանած ներգաղթյալների թիվը 2016 թվականի հուլիսին հասել է 43,7 միլիոն ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնում տեղակայված «Իմիգրացիայի հետազոտությունների կենտրոն» կազմակերպության փորձագետները՝ հիմնվելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների վրա, որոնք հրապարակվել են անցած ամսվա կեսին, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հաղորդվում է զեկույցում, 2000 թվականից ի վեր արտասահմանում ծնված ԱՄՆ մշտական բնակիչների թիվն ավելացել է 12,6 միլիոնով:
«Երկրի բնակչության ընդհանուր թվում ներգաղթյալների թիվը հասել է 13,5 տոկոսի: Դա վերջին 106 տարվա ընթացքում ամենաբարձր տոկոսային մակարդակն է»,- նշվում է հետազոտությունում:
«ԱՄՆ-ի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ առաջին սերնդի ներգաղթյալ է: Բացի այդ, երկրում բնակվում է 16,6 միլիոն երեխա, որոնք ծնվել են ընտանիքներում, որտեղ ծնողներից առնվազն մեկը ներգաղթյալ է: Ընդհանուր առմամբ ստացվում է 60,4 միլիոն ներգաղթյալ ու նրանց երեխաները, այսինքն՝ ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը»,- նշվում է զեկույցում:
Վերջին վեց տարվա ընթացքում՝ 2010 թվականից ի վեր, երկրների հնգյակում, որտեղից առավել շատ ներգաղթյալներ են ժամանում ԱՄՆ, ներառվել են Հնդկաստանը, Չինաստանը, Դոմինիկյան հանրապետությունը, Սալվադորը և Կուբան: