Մոսկվան հուսով է, որ Բաղդադն ու Էրբիլը երկխոսություն կսկսեն. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՌուսաստանը հուսով է, որ Բաղդադը և Իրաքյան Քրդստանը երկխոսություն կսկսեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բաղդադի և քրդական ինքնավարության միջև կոնֆլիկտը սրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին քրդերն անկախության մասին հանրաքվե անցկացրին, որը չճանաչվեց Իրաքի կողմից:
«Մենք հույս ունենք, որ Բաղդադը և Էրբիլը երկխոսություն կսկսեն Իրաքի հանրապետության սահմանադրության շրջանակներում: Կարևոր է պահպանել տարածքային ամբողջականությունը և իրաքյան պետության ինքնիշխանությունը»,- ասել է նա:
Բոգդանովի խոսքով՝ կարևոր է նաև հաշվի առնել քուրդ ժողովրդի և քրդական ինքնավարության շահերը, այդ իրավունքները նշված են Իրաքի սահմանադրությունում:
«Մենք հույս ունենք, որ կգտնվի անհրաժեշտ փոխըմբռնում կենտրոնական իշխանությունների և քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջև՝ իրավիճակը կարգավորելու և փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակով, որոնք կբավարարեին կողմերի շահերը և օրինական իրավունքները»,- նշել է Բոգդանովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթային հանքերի օբյեկտների նկատմամբ:
Օրեր առաջ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեպի Քիրքուք ոչ պետական ուժեր և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներ տեղափոխելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին: