ԱՄՆ-ն նախ թող Գյուլենին տա. Էրդողանը` ԱՄՆ հյուպատոսության ձերբակալված աշխատակցի մասին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության ձերբակալված աշխատակցի համար ազատություն պահանջող ամերիկյան իշխանությունները նախ պետք է իրենց արտահանձնեն Թուրքիայում հեղաշրջման փորձի համար կասկածվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը նշել է, որ եթե ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման դադարեցման որոշում կայացնել, ապա նա լիովին իրավունք ունի կասկածի տակ դնել իրենց ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը:
«Եթե ես 85 էջանոց թղթապանակ եմ ուղարկում Գյուլենի համար, և իմ ռազմավարական գործընկերն ինձ որևէ կերպ չի օգնում այս հարցում, դրան ի պատասխան մենք ի՞նչ պետք է անենք… Որպես ժողովրդավարությանն իրապես հավատացողներ՝ մենք էլ կանենք այն, ինչ պահանջում է արդարադատությունը: Դուք չեք կարող վեր կենալ ու հրամայել, թե «այնտեղ բանտում մի աշխատակից ունենք, նրան տվեք մեզ»: Կարծես ձեր հլու- հնազանդներն ենք: Այդ մարդու վերաբերյալ կա կալանավորման որոշում: Ձեզ մոտ եղածը (Գյուլենը) իր համար ագարակում զբոսնում է», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով։