Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի 8 քաղաքացու
Международные новостиՆիդեռլանդների արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել բավարարել քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ Թուրքիայի 8 քաղաքացու դիմումը, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հետապնդումների ենթարկվող 8 քաղաքացիները փախել էին Նիդեռլանդներ և քաղաքական ապաստան խնդրել այդ երկրի իշխանություններից: Մինչ այս որոշման հրապարակումը նրանց տրվել էր ժամանակավոր կացության իրավունք:
Հայտնի է նաև, որ հեղաշրջման փորձից հետո խիստ աճել է Նիդեռլանդներից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը: 2015թ.-ին նրանց թիվը եղել է ընդամենը 56, իսկ 2016-ին՝ 235:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: