Չինաստանի Կոմկուսը Սի Ծինփինին դասել է Մաո Ցզեդունի հետ նույն շարքին
Международные новостиԱշխարհի խոշորագույն քաղաքական կուսակցության՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակները 19-րդ համագումարի շրջանակում քվեարկել են կանոնադրությունում փոփոխություններ անելու համար, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ այդ փոփոխություններից, թերևս, կարևորագույնը կուսակցության կանոնադրությունում երկրի ղեկավար Սի Ծինփինի անվան ներառումն է:
Աղբյուրը նկատում է, որ իր անվան ներառմամբ փաստացի Սի Ծինփինը նույն շարքին դասվեց մաոիզմի հիմնադիր և Չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունի հետ։
Ի դեպ, Ծինփինը Ցզեդունից հետո դարձել է Չինաստանի պատմության մեջ 2-րդ ղեկավարը, որի անունը Կոմկուսի կանոնադրությունում է ներառվել դեռևս կենդանության օրոք:
Հայտնի է, որ Չինաստանի ղեկավարն անցած շաբաթ մասնակցել է Կոմկուսի 19-րդ համագումարի բացման արարողությանը, որի շրջանակում հանդես է եկել երկրի պատմության ընթացքում ամենաերկար ելույթով. այն տևել է 3.5 ժամ:
Իր ելույթում Ծինփինը վստահություն է հայտնել առ այն, որ 2050թ. դրությամբ Չինաստանը պետք է ավելի հզորացած լինի: Երկրի զարգացման ու հզորացման առաջին փուլում (2020-2035թթ.) կավելացվի միջին եկամուտ ունեցող բնակչության թվաքանակն ու, ընդհանուր առմամբ, հնարավոր կլինի հասնել արդիականացման: Ծրագրի 2-րդ փուլը կտևի 2035-2050թթ., և այդ ընթացքում երկրի իշխանությունները մտադիր են Չինաստանը վերածել հարուստ, հզոր, ժողովրդավար, հարմոնիկ, քաղաքակիրթ, արդիականացված սոցիալիստական պետության:
Միևնույն ժամանակ, Ծինփինն ընդգծել է, որ «չինական երազանքը» կարող է իրագործվել միայն միջազգային խաղաղ մթնոլորտի պայմաններում ու կայուն աշխարհակարգի դեպքում: