Իրաքի վարչապետը պահանջել է Իրաքյան Քրդստանից Բաղդադի վերահսկողությանը հանձնել բոլոր օդանավակայաններն ու սահմանային անցակետերը
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Իրաքյան Քրդստանից պահանջել է Բաղդադի վերահսկողությանը հանձնել բոլոր օդանավակայաններն ու սահմանային անցակետերը, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Նա նաև նշել է, որ վիճելի տարածքներում Իրաքի դաշնային ուժերի տեղակայումը բխում է երկրի սահմանադրությունից և իրենք շահագրգռված են այդ տարածքների բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում:
Աբադին շեշտել է, որ Իրաքի համար առաջնային է շարունակում մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և, մասնավորապես, Իրաքի տարածքում ԻՊ-ի վերջին հենակետը համարվող Անբար շրջանի մեջ մտնող Քաիմի բնակավայրի ազատագրման գործողությունը:
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները մերժել են Իրաքյան Քրդստանի՝ անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները սառեցնելու պայմանով բանակցությունների գնալու առաջարկն ու պահանջել արդյունքների չեղարկում:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: