ՀԴԲ-ն զգուշացրել էր Քենեդուն սպանողի դեմ մահափորձի մասին
Международные новостиԱՄՆ կառավարությունը հրապարակել է 1963 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության գործով նախկինում գաղտնազերծված 2800 փաստաթղթեր, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մարդիկ պետք է լիովին տեղեկացված լինեն իրադարձությունների մասին, որոնք շարունակում են աճել տարբեր գաղտնի տեսություններով:
Գաղտնազերծված փաստաթղթերը ներկայացվել են Ազգային արխիվի կայքում: Սակայն մի շարք փաստաթղթերի հրապարակումը հետաձգվել է ՀԴԲ-ի, ԿՀՎ-ի, Պետքարտուղարության եւ ամերիկյան մի շարք այլ գերատեսչությունների խնդրանքով:
Գաղտնազերծված փաստաթղթերից մեկով հաստատվում է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ոստիկանությանն զգուշացրել է գլխավոր կասկածյալներից մեկի՝ Լի Հարվի Օսվալդի կյանքին սպառնացող վտանգի մասին: «Մենք անմիջապես ոստիկանության ղեկավարին նախազգուշացրեցինք, եւ նա մեզ հավաստիացրեց, որ Օսվալդի համար հուսալի հսկողություն կապահովի»,- նշված է ՀԴԲ առաջին տնօրեն Ջոն Էդգար Գուվերի գրության մեջ:
Օսվալդը սպանվել է Քենեդու դեմ մահափորձից 2 օր հետո. նրան գնդակահարել է գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին, երբ նա Դալլասի ոստիկանական տեղամասից դուրս էր գալիս ոստիկանների ուղեկցությամբ:
Փաստաթղթերից մեկում նշվում է խորհրդային իշխանությունների մտահոգությունների մասին այն կապակցությամբ, որ Քենեդու սպանությունը կարող է առիթ ծառայել «անպատասխանատու գեներալների համար», որպեսզի ԽՍՀՄ տարածքին հրթիռային հարված հասցնեն:
1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը որոշում է ընդունել Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ նյութեր հավաքելու մասին, որի համաձայն ազգային արխիվները պետք է նյութեր հավաքեին եւ 25 տարվա ընթացքում հետաքննությունների բոլոր նյութերը հրապարակեին: Ընդհանուր գրեթե 5 մլն փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են Քենեդու սպանությանը եւ այս հանցագործության հետաքննությանը: Նյութերի հրապարակման ժամկետը լրացել է հինգշաբթի՝ հոկտեմբերի 26-ին:
Նյութերի գրեթե 90 տոկոսը հանրությանը հասանելի է եղել: Հազիվ թե կառավարությանը հաջողվի խուսափել մի շարք նյութերը թաքցնելու փորձի մեղադրանքներից՝ դրանց հրապարակման հետաձգումը բացատրելով այն հանգամանքով, որ վերջին րոպեին հատուկ ծառայությունները Սպիտակ տանը խնդրել են հրաժարվել որոշ փաստաթղթերի հրապարակումից:
Թրամփի ծառայողական նոթատետրում գերատեսչությունների ղեկավարներին ուղղված գրառման մեջ նշված է, որ ամերիկացի ժողովուրդն արժանի է լիովին իրազեկված լինելու նման բեկումնային իրադարձության մասին:
Փաստաթղթերի գաղտնազերծման մասին որոշումը, որոնց հրապարակումը կասեցվել է, պետք է ընդունվի 6 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ ուսումնասիրությունից եւ վտանգների գնահատումից հետո: Բացառված չէ, որ որոշ փաստաթղթեր չեն գաղտնազերծվի մինչեւ սահմանված ժամկետը՝ 2018 թվականի ապրիլի 26-ը:
Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Թրամփը դժկամությամբ է համաձայնվել որոշ նյութերի հրապարակման կասեցման մասին գերատեսչությունների խնդրանքին: «Այսօր ես ընտրության հնարավորություն չունեմ՝ բացի այս պահանջներին համաձայնելը, քանի որ հակառակ դեպքում ազգային անվտանգությանը հնարավոր է անուղղելի վնաս հասցնել»,- հայտարարել է Թրամփը: