ԱՄՆ-ում հաշվել են՝ որքան մարդ կզոհվի Կորեական թերակղզում պատերազմի վերսկսման դեպքում
Международные новостиԱՄՆ-ում փորձել են հաշվել Կորեական թերակղզում պատերազմի վերսկսման դեպքում զոհերի մոտավոր թիվը: Այսպես՝ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ սկսելու դեպքում առաջին իսկ օրերին կգրանցվեն հարյուր հազարավոր զոհեր, գրում է Bloomberg-ը:
Նույնիսկ այն դեպքում, եթե չկիրառվի միջուկային զենք, այլ սովորական սպառազինություն, պատերազմի առաջին օրերին կարող է մահանալ 30.000-ից մինչև 300.000 մարդ:
Ամերիկացի մասնագետները նման եզրահանգման են եկել՝ հաշվի առնելով այն, որ հյուսիսկորեական հրետանին ունակ է արձակել 10.000 արկ մեկ րոպեում:
Նշվում է նաև, որ պատերազմի սկսման դեպքում այն իր ազդեցությունը կունենա 25 մլն մարդու վրա՝ սահմանի երկու կողմում էլ: Ամերիկյան կողմը չի բացառել, որ հակամարտության մեջ կարող են ներգրավվել նաև Ճապոնիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչու չէ՝ նաև ԱՄՆ-ն։
Ամերիկացի մասնագետները կարծում են, որ ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ-ն կարող է հայտնվել Չինաստանի հետ կոնֆլիկտի շեմին:
Ավելին՝ Չինաստանի հնարավոր արձագանքն, ըստ ծառայության զեկույցի, այս խնդրում ամենազգալի աշխարհաքաղաքական խնդիրն է, որ կարող է ծագել:
Ավելի վաղ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խնդրի ռազմական լուծմանը, եթե դրա կարիքը լինի:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում իրեն և իր դաշնակիցներին Փհենյանի միջուկային սպառնալիքներից պաշտպանելու համար «ամբողջովին կոչնչացնի» Հյուսիսային Կորեան: