Զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային դիրքերը լքելու պահանջն իրականացնելու համար. Իրաքի վարչապետ
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ քրդական «փեշմերգա» ուժերի և Իրաքի բանակի միջև 24-ժամյա զինադադարը կնքվել է քուրդ զինյալների կողմից սահմանային անցակետերն ու այլ սահմանային դիրքեր լքելու պահանջն իրականացնելու համար, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Աբադին շեշտել է, որ քրդական կողմի ներկայացուցիչները համաձայնել են այս պայմանին:
24-ժամյա զինադադարի ընթացքում քրդական ուժերը պետք է լքեն սահմանային դիրքերն ու հանձնեն դրանք Իրաքի բանակային ուժերին, որոնք կտեղակայվեն այնտեղ մինչ զինադադարի ավարտը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իրաքի բանակի և քրդական «փեշմերգա» ուժերի միջև զինադադար է հաստատվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: