Թուրքիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին
Международные новостиԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Կատալոնիայի ղեկավարության՝ անկախություն հռչակելու մասին որոշումը, իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին ու նշել, որ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը միակողմանի է ու անօրինական:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, ըստ Թուրքիայի՝ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը չի արտացոլում տարածքի ժողովրդի ազատ կամքը, ինչպես նաև հակասում է Իսպանիայի սահմանադրությանը:
Թուրքիայի ԱԳՆ-ն վստահություն է հայտնել առ այն, որ «բարեկամ Իսպանիան կարճ ժամանակում կհաղթահարի առկա ճգնաժամն ու ճիշտ լուծում կգտնի օրենքի գերակայության շրջանակներում»:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:
Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն:
Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: