Էրբիլում Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի մոտ լարված իրադրություն է պահպանվում
Международные новостиԷրբիլում Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի մոտ լարված իրադրություն է պահպանվում: Քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնում է, որ խորհրդարանի շենքի մոտ է հավաքվել մարդկանց բազմություն, որոնք ընդդիմադիր պատգամավորներից մեկից պահանջում են ներողություն խնդրել փեշմարգային եւ նախագահ Մասուդ Բարզանիին վիրավորելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում «Ղորան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ռաբուն Մարուֆի հետ ծեծկռտուք է սկսվել: Մի խումբ տղամարդիկ նրան ընդհատել են՝ ասելով, որ նա փեշմարգային մեղադրել է Քիրքուքը հանձնելու մեջ: Չնայած նրա հերքումներին, նրան հրել են խորհրդարանի շենք: Համացանցում հայտնված լուսանկարներում խորհրդարանի մուտքի մոտ կանգնած են փայտերով տղամարդիկ:
Հաղորդվում է, որ տեղական NRT հեռուստաալիքի լրագրողը եւ Rudaw-ի օպերատորն այս մարդկանց կողմից հարձակման են ենթարկվել: Արդյունքում թղթակիցը ծանր վնասվածք է ստացել, օպերատորը թեթեւ վնասվածքներ:
Ավելի վաղ խորհրդարանում ընթերցվել է Մասուդ Բարզանիի ուղերձը, որը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին իր լիազորությունների ժամկետը լրանալուց հետո չի մնալու նախագահի պաշտոնում: Բարզանին հայտարարել է, որ նախագահի պաշտոնից հեռանում է, բաց իր հայրենիքին ծառայելու է որպես փեշմարգա: Նա նաեւ կոչ էր արել նախագահի լիազորությունները բաժանել կառավարության, խորհրդարանի եւ դատական իշխանության միջեւ: Սակայն «Ղորանը» պնդում է, որ նախագահի լիազորությունները փոխանցվեն խորհրդարանի խոսնակին: Բուռն քննարկումների արդյունքում խորհրդարանի նիստն ընդհատվել է:
AP-ն հայտնում է, որ Բարզանին քաղաքականության մեջ կմնա որպես Բարձրագույն քաղաքական խորհրդի առաջնորդ: Այս մասին հայտարարել է նրա ավագ օգնական Հեմին Հավրամին: