Թաիլանդում ավարտվել է Փհումիփոն Ադուլյադետ թագավորի հուղարկավորությունը
Международные новостиԲանգկոկում տեղի է ունեցել Փհումիփոն Ադուլյադետ թագավորի հուղարկավորության արարողության ավարտական փուլը: Կիրակի նրա աճյունափոշիով սափորները թաղել են թագավորական մեծ պալատի Չաքրի դինաստիայի թագավորների դամբարանում, ինչպես նաեւ եւս 2 թագավորական տաճարներում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեկ ամբողջ տարի ժողովուրդը հրաժեշտ էր տալիս սիրելի թագավորին, որը 88 տարեկանում մահացել է անցյալ տարվա հոկտեմբերին. այս ընթացքում նրա դագաղին այցելել է 12 մլն մարդ:
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, դիակիզման արարողությունից առաջ հարյուր հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել թագավորին հրաժեշտ տալու համար, որը երկիրը կառավարել էր 70 տարուց ավելի:
Մեկ տարի տեւած սուգը ավարտվել է կիրակի կեսգիշերին: Սա նշանակում է, որ թագավորի մահը սգացող Թաիլանդի քաղաքացիները կարող են սեւ հագուստ փոխել չեզոք գույնի հանդերձանքով:
Հուղարկավորության արարողությունը 5 օր է տեւել: Հինգշաբթի դիակիզումը կատարվել է հանգուցյալ թագավորի որդու՝ Թաիլանդի նոր միապետ Մահա Վաթչիրալոնգկոնի ներկայությամբ, որն ինքն է կրակը վառել: Հենց նա է որոշել, թե հոր աճյունափոշու որ մասն է թաղվելու թագավորական մեծ պալատի դամբարանում: