Կառավարութունը վարում է աղքատության խորացման քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի շատ կարեւոր փաստ՝ արդեն 3 տարի կենսաթոշակները, սոցիալական եւ ընտանեկան նպաստները չենք բարձրացրել, բայց դրան զուգահեռ` ունենք գնաճ:
«Կարծում եմ, որ գնաճը շարունակվելու է: Տեսանք, որ 2018-ին 4 տոկոս գնաճ է նախատեսվում, իսկ 2017-ին՝ 2.7 տոկոս, այսինքն` արդեն մենք ունենք 6.7 տոկոս գնաճ։ Հետեւաբար, եթե մենք թոշակներն ու ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այս ամենին գումարվի նաեւ այն, որ 2018 թվականի հունվարին ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, որոնք լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները բարձրացնելու են, ապա այդ ամենը լուրջ սոցիալական հետեւանքներ է թողնելու։ Ինչպես շեշտեց պատգամավորը, ինքն այս առումով իրավիճակը գնահատում է որպես բացարձակապես ոչ ադեկվատ:
Նշենք, որ հնչեցված գնահատականի հետ համաձայնեց նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը.
«Երբ խոսում են պաշտոնական գնաճի տոկոսների մասին, ապա պետք է հիշել, որ 2017 թվականին առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ կրկնակի են թանկացել: Պետք է հաշվի առնել, որ շատ ավելին է լինելու քաղաքացիների գնողունակության անկումը, քան պարզապես թվերն են: Սրան գումարած՝ նաեւ 2018 թվականին գործելու են հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով տարբեր խավերից գանձվող գումարներն ավելանալու են, հարկային բեռն ավելանալու է տարբեր խավերի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ այս ամենից բացի, մի կողմից հարկային բեռն է ավելանում, իսկ մյուս կողմից՝ գնաճ է լինում, զուգահեռ` սոցիալական ապահովության ոլորտում ավելացումներ չեն լինում։
«Մեզ շատ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»,- եզրափակեց Գեւորգ Գորգիսյանը։