ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Բարզանիի պաշտոնից հեռանալու որոշումը
Международные новостиՄիացյալ Նահանգները մեկնաբանել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի պաշտոնից հեռանալու մասին որոշումը։ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ամերիկյան կողմը գնահատել է Բարզանիի այս քայլը, այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Բարզանին կարևոր դեր է խաղացել ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարի շրջանակում և եղել է իր ժողովրդի խիզախ առաջնորդը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել քրդական քաղաքական ուժերին աջակցել Քրդստանի գործող խորհրդարանի աշխատանքին մինչ դրա լիազորությունների ժամկետի ավարտն ու խրախուսել Բաղդադին ու Էրբիլին կառուցողական երկխոսության սկիզբ դնելու գործում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: