ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնել են անձնագրերի հետկանչ՝ կապված ահաբեկչության հետ
Международные новостиԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրինագիծ է հաստատել, որը Պետքարտուղարությանը թույլ է տալիս ամերիկյան անձնագրից զրկել՝ ահաբեկչության հետ կապերի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագիծը հունվարին ներկայացրել էր արտասահմանյան գործերով կոմիտեի անդամ Թեդ Փոն: Փաստաթուղթը, որը լրացնում է 1926 թվականին ընդունված Անձնագրի մասին օրենքը, «Պետքարտուղարությանը թույլ է տալիս մերժել անձնագրի տրամադրումը այն անձին, որը ահաբեկչական կազմակերպության անդամ է, կապված է դրա հետ կամ նյութական աջակցություն է ցուցաբերում», ինպես նաեւ այսպիսի անձանց անձնագրերը անվավեր ճանաչել:
Օրինագիծը Պետքարտուղարությանը պարտավորեցնում է 30 օրվա ընթացքում Կոնգրեսին իրազեկել ահաբեկչության հետ կապերի պատճառով անձնագրի անվավեր ճանաչման կամ տրամադրման մերժման մասին:
Փաստաթուղթը այժմ պետք է քվեարկության դրվի Սենատում, որից հետո կներկայացվի նախագահի ստորագրմանը:
ԱՄՆ քաղաքացիներին անձնագիրը տրվում է միայն արտասահմանյան ուղեւորությունների համար, երկրի տարածքում այն հարկավոր չէ: Անձնագրի ձեւակերպմամբ զբաղվում է Պետքարտուղարությունը, այն պատրաստվում է 2-6 շաբաթվա ընթացքում: