Բարզանին հեռացավ, քանի որ կորցրեց ԱՄՆ-ի ու Թուրքիայի աջակցությունը. փորձագետ
Международные новостиՍոցիոլոգ, Միջին Արևելքի գծով փորձագետ Աբաս Վալին մեկնաբանել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հրաժարականը: gazeteduvar.com.tr կայքում հրապարակված հարցազրույցում Վալին նշել է, որ Բարզանին այլ ելք չուներ, քան պաշտոնից հեռանալը:
Փորձագետը շեշտել է, որ Բարզանիի հրաժարականն ուներ մի քանի հիմնական պատճառ, որոնցից ամենաէականն ԱՄՆ-ի ու Թուրքիայի աջակցությունը կորցնելն էր:
«ԱՄՆ-ն չաջակցեց քրդերին անկախության հանրաքվեի ընթացքում և չմիջամտեց այն ժամանակ, երբ Իրաքի բանակն ու շիական «Հաշդի Շաբի» ուժերն անցան հարձակման: Այստեղ Բարզանին հասկացավ, որ երկար չի կարող շարունակել առանց այդ աջակցության», - ասում է Վալին:
Մյուս կողմից՝ Թուրքիան, որն ԱՄՆ-ի հետ մեկտեղ երկրորդ ամենամեծ ուժն էր, որ աջակցում էր Իրաքյան Քրդստանին, այս անգամ համագործակցեց Իրանի հետ հենց քրդերի դեմ:
«Իրաքյան բանակի հետ պատերազմելու ցանկության բացակայությունը կբերեր Բարզանիի պաշտոնանկությանը, և նա նախընտրեց անել դա ինքնուրույն», - շարունակում է փորձագետը:
Ըստ Վալիի՝ Բարզանիից հետո իշխանության գլուխ եկած ուժերը ստիպված կլինեն հեռու մնալ ցեղային մտածողությունից և պետք է իշխանության գան նոր ընտրությամբ:
«Քրդստանը կարիք ունի նոր քաղաքական սերնդի, որպեսզի երկրում տիրի օրինականություն, որը կընկալեն բոլոր խավերը», - եզրափակել է արաբ փորձագետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: