Կուբայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին ստախոսության մեջ է մեղադրել
Международные новостиԿուբայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին ստախոսության մեջ է մեղադրել՝ կապված Հավանայում ամերիկացի դիվանագետների դեմ խորհրդավոր ակուստիկ հարձակումների հետ, փոխանցում է AP-ն:
Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակումների մասին «գիտակցված ստում է»: Նրա խոսքով՝ այս հարցն օգտագործվել է «որպես քաղաքական պատրվակ երկկողմանի հարաբերություններին վնաս հասցնելու եւ ձեռք բերված առաջընթացը վերացնելու համար», որին հասել էին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանավարման ժամանակ: Նա նշել է, որ սա դարձել է առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության իրականացման, ինչպես նաեւ մշակութային, սպորտային եւ ուսանողական միջոցառումների ուշացումների պատճառ:
Հիշեցնենք՝ Վաշինգթոնը պնդում է, որ Հավանայում դիվանագիտական առաքելության 24 աշխատակից ենթարկվել է դիտավորյալ հարձակումների: Ըստ ԱՄՆ պնդումների՝ ակուստիկ հարձակումների հետեւանքով ամերիկացի դիվանագետների մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
ԱՄՆ-ն Կուբայի կառավարությանը չի մեղադրել հարձակումների իրականացման մեջ, սակայն հայտարարել է, որ այն չի կատարել իր տարածքում դիվանագետներին պաշտպանելու պարտավորությունը: Այդուհանդերձ, դրանից հետո Վաշինգթոնը հետ է կանչել իր դիվանագետների մեծ մասին, ինչպես նաեւ ԱՄՆ-ից արտաքսել է կուբացի դիվանագետներին: