Մոսկվայի կենտրոնում ավելի քան 250 մարդ է ձերբակալվել
Международные новостиՄոսկվայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 250 մարդու քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիայի մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությանը:
«Հասարակական կարգը խախտելու համար Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է 263 մարդ»,- հայտնել են գերատեսչությունում:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է լրատվամիջոցին, որ ձերբակալվածների մեծ մասը ազգայնական կազմակերպությունների աջակիցներ են: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք, դանակներ, ինքնապաշտպանության միջոցներ և այլ արգելված իրեր: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, «դա խոսում է այն մասին, որ մարդիկ ուղղակի չէին եկել, այլ պատրաստվում էին դիմադրություն ցույց տալ իրավապահ ուժերին»:
Նշենք, որ ընդդիմադիր Վյաչեսլավ Մալցևը նախկինում բազմիցս ասել է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանում հեղափոխություն է լինելու: Նա առաջարկում էր իր աջակիցներին դուրս գալ Ռուսաստանի քաղաքների կենտրոնական հրապարակներ և մնալ այնտեղ մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարական չտա: Նախօրեին նա լրատվամիջոցին հայտնել է ողջ Ռուսաստանում ավելի քան հարյուր իր աջակիցների ձերբակալության մասին:
Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ձերբակալվել են «Արտպոդգոտովկա» շարժման անդամները, ովքեր պատրաստվում էին նոյեմբերի 4-ին և 5-ին վարչական շենքերի հրկիզումներ և ոստիկանների վրա հարձակումներ իրականացնել:
РБК-ն, վկայակոչելով աղբյուրներին, գրել է, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անցկացվել է «Արտպոդգոտովկա»-ի հետ կապված ավելի քան 20 խուզարկություն: