Թրամփի ավտոշարասյանը միջնամատ ցույց տված ամերիկուհուն ազատել են աշխատանքից
Международные новостиՕրեր առաջ համացանցում տարածվել էր ամերիկուհի Ջուլի Բրիսկմանի լուսանկարը, որում կինը հեծանվով անցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան կողքով ու նրա նկատմամբ անհարգալից ժեստ անում՝ ցույց տալով միջնամատը:
Այժմ The Guardian-ը տեղեկացնում է, որ կնոջն այդ արարքի համար հեռացրել են աշխատանքից:
Բրիսկմանի խոսքով՝ ինքն այդպիսով ցանկացել է ցույց տալ, թե ինչ վերաբերմունք ունի 71-ամյա Թրամփի վարած քաղաքականության նկատմամբ:
«Նա անցնում էր կողքովս, արյունս սկսեց եռալ: Այդ պահին սկսեցի մտածել երկրից վռնդվող ներգաղթյալների, «Օբամաքերը» չեղարկելու փորձերի, հոսանքազրկված Պուերտո Ռիկոյի մասին: Եվ այդ ամենի ֆոնին նա գնում էր նորից իր գրողի տարած գոլֆը խաղալու»,- մեկնաբանել է կինը՝ հավելելով, որ Թրամփին ուղղված միջնամատը մի քանի անգամ է ցույց տվել:
Ի դեպ, նրա անհարգալից ժեստը ֆիքսել է նախագահի լուսանկարիչը, ինչից հետո ուշագրավ կադրը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում:
Դրանից հետո մարքեթինգային ոլորտի մասնագետ Բրիսկմանին կանչել է Akima ընկերության տնօրինությունն ու հայտնել աշխատանքից հեռացնելու որոշման մասին: Ընկերությունը նշել է, որ աշխատակցի պահվածքը կարող է վնասել իրենց՝ կառավարության հետ պայմանագրեր կնքելու հարցում: