Թե ինչպես 21 շաբաթականում ծնված երեխան փրկվեց․ այժմ նա 3 տարեկան է՝ առողջ և աշխույժ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ուղղակի հրաշք․ այսպես են կոչում Քորթնի Սթենսրադն ու իր ամուսինն իրենց աշխույժ դստերը։ Այժմ արդեն 3 տարեկան աղջնակը ծնվել էր 21 շաբաթականում։ «Հավանաբար նա երբևէ ամենավաղ ծնված երեխան է»,-ասում էին նրա բժիշկները:
ԱՄՆ-ում բժիշկներն ու մանկաբարձները կարծում են, որ 22 շաբաթականը երեխայի կենսունակության նվազագույն չափն է, այսինքն՝ 22 շաբաթականից շուտ լույս աշխարհ եկած երեխաների փրկվելու շանսերը շատ քիչ են։ Հայտնի է, որ լիարժեք ձևավորման համար երեխային անհրաժեշտ է 39-40 շաբաթ։
Երբ 2014 թվականին անակնկալ կերպով ծնվեց երեխան, Քորթնին ու ամուսինը շատ վախեցած ու շփոթված էին․ «Համացանցում պատմություններ էի փնտրում։ Գտա մի քանի դեպք, երբ երեխան ծնվել է 22 կամ 23 շաբաթականներում, սակայն ոչ մի պատմություն չգտա այն մասին, որ երեխան ծնված լինի 21 շաբաթականում և փրկված լինի»,-նշել է Քորթնին։
«Անկախ ամեն ինչից, երբեք չեմ հուսահատվել և ներսումս միշտ հավատացել եմ, որ փոքրիկիս հետ ամեն ինչ լավ կլինի։ Հիմա նա երեք տարեկան է, առողջ ու շարժուն երեխա է»։

Վաղաժամ լույս աշխարհ եկած մեկ այլ երեխա
Բժիշկների համար ևս սա բացառիկ դեպք էր, քանի որ փրկության ելքով 21 շաբաթական ծնունդներ ամեն օր չէ, որ պատահում են։ «Ժամանակի ընթացքում նրա կապույտ մարմինը քիչ-քիչ ստանում էր վարդագույն երանգ»-պատմել է բժիշկներից մեկը, ով երեխայի զարգացման ողջ ընթացքում հետևել է նրան։
Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների, տարեկան 15 միլիոն երեխա է ծնվում վաղաժամ՝ 37 շաբաթականից շուտ։ Իսկ այս դեպքը բժիշկներին ուսումնասիրության լավ փորձ պարգևեց, թե ինչ հնարավոր խնդիրների հետ կարող են բախվել վաղաժամ ծննդաբերության դեպքում։
Ծնողների խնդրանքով երեխայի այժմյան լուսանկարներն ու անունը չեն հրապարակվել, սակայն երբ նա մեծանա, ինքը կորոշի՝ թույլ տա՞լ լրատվամիջոցներին լուսաբանել իր կյանքը, թե՞ ոչ։