«Մրցակիցներ երբեք չեմ ցանկանում տեսնել, միայն կպայքարեմ հաղթանակի համար». Լիլի Սարգսյան
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ընդամենը մեկ շաբաթ, և ողջ աշխարհի ուշադրությունը կուղղվի դեպի չինական ամենաարևոտ ու պայծառ քաղաքներից մեկը՝ Սանյա, որտեղ նոյեմբերի 15-20-ը տեղի է ունենալու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը: Հայաստանն այդ հեղինակավոր մրցույթին մասնակցում է առաջին անգամ: Մեր երկիրը ներկայացնելու է «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը: BlogNews.am-ի հետ զրույցում 17-ամյա գեղեցկուհին խոսել է ճամփորդության, հուզմունքը հաղթահարելու ու մրցույթին նախապատրաստվելու մասին:
Լիլին տպավորված է իր առաջին ճամփորդությամբ. այս ընթացքում հասցրել է տեսնել ու զգալ այն, ինչ մասին անգամ երազել չէր կարող. «Առօրյաս անչափ հետաքրքիր է անցնում, այցելում ենք տարբեր տեսարժան վայրեր, ծանոթանում ենք չինական մշակույթին: Ամեն ինչ հեքիաթային է: Խոսքերով անհնար է նկարագրել, թե որքան գեղեցիկ է այստեղ ամեն ինչ»:
Լիլին դժվարությունների չի հանդիպել այս ընթացքում, բայց, այդուհանդերձ, միջավայրին ինտեգրվելու խնդիր եղել է. «Անկեղծ ասեմ՝ ես շուտ չեմ հարմարվում միջավայրին, սիրում եմ միայն այն վայրը, որտեղ բնակվում եմ»:

Լիլիի խոսքով՝ ազատ ու առանց կոմպլեքսների շփվում է բոլոր գեղեցկուհիների հետ, ոմանց հետ նույնիսկ մտերմացել է. «Շփման առումով դժվարություններ չեն եղել, ընկերացել եմ բոլորի հետ: Նրանք հիասքանչ են, բայց առավել մտերիմ եմ Վրաստանի ներկայացուցչի հետ: Բոլորը շատ ջերմ են միմյանց հանդեպ»:
Ընկերությունը՝ ընկերություն, բայց մրցույթն ունի իր կանոնները: Մեր այն հարցին՝ արդյոք մրցակցություն չկա իր ու մնացած գեղեցկուհիների միջև, Լիլին պատասխանեց. «Մրցակիցներ երբեք չեմ ցանկանում տեսնել, միայն կպայքարեմ հաղթանակի համար, բոլոր աղջիկներն էլ գեղեցիկ են և արժանի են հաղթողի տիտղոսին»:


Մի քանի ամիս է, ինչ Լիլին մոդելային ասպարեզում է, բայց դա նրան չի խանգարում ինքնավստահության հարցում: Ասում է՝ հուզմունքն այդքան էլ մեծ չէ, ու ջանասիրաբար աշխատում է, որ կարողանա արդարացնել իրեն հավատացողների հույսերը. «Ժամանակը շատ քիչ էր, բայց ես շատ եմ աշխատել, որպեսզի պատվով ներկայացնեմ իմ երկիրը։ Հույս ունեմ՝ կհամոզվեք նոյեմբերի 18-ին: Սկսել ենք աշխատել տեսանյութերի վրա, որտեղ ներկայացնում ենք մեզ, բեմական փորձեր ենք անում, առօրյաս շատ հագեցած է անցնում»:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի