ՄԻԵԴ-ը կքննի Թուրքիայում կալանավորված լրագրողների գործերը
Международные новостиՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արտահերթ կքննի Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրողների գործերը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Բազմաթիվ լրագրողների դատական գործեր դեռևս իրենց հերթին են սպասում Թուրքիայի սահմանադրական դատարանում, որը, սակայն, շարունակում է լռել:
«Սահմանադրական դատարանի լռակյացության դեմ գործի անցած ՄԻԵԴ-ը կքննի Թուրքիայում կալանավորված լրագրողների գործերը որպես առաջնային կարևորության գործընթացներ»,- գրում է պարբերականը:
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության պայմաններում ձերբակալված ու կալանավորված ոչ մի լրագրողի դատական գործ դեռևս չի գտել իր հանգուցալուծումը թուրքական դատարանում:
Հայտնի է, որ ՄԻԵԴ-ը կքննի թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի խմբագրակազմի, գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի և մի շարք այլ լրագրողների գործեր:
Ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ էր ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը: