Պյոտր Սվիտալսկին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համարում է ԵԱՏՄ երկրների հետ կնքված փաստաթղթերից առավել հավակնոտն ու առարկայականը
ПолитикаԵվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաշվի է առնում Հայաստանի բոլոր հանձնառություններն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ համագործակցային ձևաչափերից:
Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ այս համաձայնագիրը հավակնոտ է ու ապագային նայող:
«Այս համաձայնագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով մեկ այլ ինտեգրացիոն նախագծի առկայությունը: Թեև մենք ունենք գործընկերության ու համագործակցության համաձայնագրեր ԵԱՏՄ այլ երկրների հետ, օրինակ PCA + (Partnership and Cooperation Agreement) համաձայնագիր Ղազախստանի հետ, բայց Հայաստանի հետ համաձայնագիրն ավելի հավակնոտ ու առարկայական է»,- շեշտեց Պյոտր Սվիտալսկին:
Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը հաշվի է առնում Հայաստանի պարտավորությունները այլ կառույցների առջև, բայց նոր համաձայնագրի ներդաշնակությունը այլ համաձայնագրերի հետ ապահովելու խնդիրը Հայաստանի իրավասության շրջանակում է:
Հարցին ի պատասխան, թե որն է Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքելու Եվրոպայի շահը՝ Սվիտալսկին նկատեց. «Գաղտնիք չէ, որ մեր ռազմավարության մի մասն է՝ կառուցել կայուն ու բարեկամական հարևանություն, օգնել հասարակություններին զարգանալ պատշաճ ու բավարար ձևով: Հետևաբար, այս համաձայնագիրն ավելի լայն ու ընդգրկուն ռազմավարության մի մասն է: Այն անվտանգ ու բարեկամական միջավայրի հաստատման նպատակ է հետապնդում»:
ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ թեև սա ԵՄ-ի հետ ասոցացման, կամ էլ Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր չէ, բայց հաշվի է առնում գործընկերների նկրտումները: Սվիտալսկին նաև շեշտեց, որ ԵՄ-ն չի ցանկանում տարանջատող ու բաժանարար գծեր քաշել, այլ հնարավորինս կամուրջներ կառուցելու կողմնակից է:
«Հայաստանի համար կամուրջի հասկացությունը շատ տրամաբանական է, և Հայաստանը շատ առավելություններ ու ակտիվներ ունի դա իրագործելու համար»,-ասաց Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև չցանկացավ խոսել ձախողումներից՝ նշելով, որ լավատես է առաջիկա գործընթացների հաջող կատարման հարցում:
«Չեմ կարծում՝ հիմա տեղին է պատժամիջոցների, ձախողումների մասին խոսելը, ես լավ եմ տրամադրված, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր հարաբերություններին: Հավասարապես լավատես եմ նաև համաձայնագրի իրագործման առնչությամբ. սա համագործակցային ջանք է և մենք հաջողելու ենք, ես վստահ եմ»,-ավելացրեց նա: