Սանտա Կլաուսն արդեն հայերեն է խոսում. ահա, թե ինչպես կարող եք իրականություն դարձել ձեր փոքրիկի ամանորյա երազանքը
LifestyleԵրեխանե՛ր, հավատո՞ւմ եք Ձմեռ պապին: Այո՞: Ուրեմն՝ դուք դեռ չեք կորցրել հեքիաթի զգացողությունը: Ո՞չ: Այդ դեպքում ձեզ պետք է շտապեմ հիասթափեցնել. ալեհեր ծերունին իրականում գոյություն ունի ու պատրաստ է կատարել ձեր կամակոր ու նույնիսկ անհավանական երազանքները:
Անկեղծ եղեք ու ասեք, որ կյանքում թեկուզ մեկ անգամ նամակ գրել եք Ձմեռ պապին ու սրտատրոփ սպասել, որ նա անպայման կարդա ու պատասխանի ձեզ: Արի ու տես, որ ցանկությունները մի օր ի կատար են ածվում, ու հատկապես Ամանորի նախաշեմին դրանք կախարդական զորություն են ստացել: «Ամանորյա հեքիաթ» հոլովակում ճերմակամորուս հրաշագործը, թեև տարին մեկ անգամ, բայց գալիս է կատարելու ձեր բոլոր ցանկություններն ու հանձնելու երկար սպասված նվերը:

«Հավատալ հեքիաթին ու ապրել հիքիաթում»,- ասում է Լիլիթն, ով շաբաթներ առաջ սկսեց մի նախաձեռնություն, որտեղ Ձմեռ պապը, ոչ ավել, ոչ պակաս, վիդեոշնորհավորանքով պատասխանում էր փոքրիկների նամակներին՝ դիմելով նրանց իրենց իսկ անուններով: Օրիգինալ մտահղացման մասին Լիլիթը պատմել է BlogNews.am-ին:
«Սա նոր բան չէ, որը ստեղծել ենք: Աշխարհի տարբեր լեզուներով գոյություն ունի այս հոլովակը: Մենք այն հայերեն ենք թարգմանել: Միտքը դեռ նախորդ տարի էր առաջացել, երբ ինքս իմ փոքրիկի համար փորձել էի նմանատիպ հոլովակ ստանալ: Իրականում աղջիկս շատ բուռն արձագանքեց, որ Ձմեռ պապն իր նամակն անպատասխան չէր թողել: Հիշելով նախորդ տարի բալիկիս էմոցիաներն ու ուրախությունը՝ որոշեցի՝ ինչու ոչ, կարելի է հետաքրքիր նախաձեռնություն սկսել ու ժպիտ պարգևել բոլոր հայ փոքրիկներին՝ նրանց մոտեցնելով ամանորյա հեքիաթին»:

Հոլովակը մի քանի օրում համացանցում մեծ հետաքրքրություն առաջացրեց, որովհետև երեխաների մտքերն ու ցանկությունները չէին կարող անտարբեր թողնել ոչ ոքի. «Իհարկե, բոլոր փոքրիկները չէ, որ հավատում են Ձմեռ պապին` կասկածներ ունենալով, որ այդ կարևոր առաքելությունը կատարում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Սակայն կան երեխաներ, որոնք ի սրտե ցանկանում են, որպեսզի հենց Ձմեռ պապը բերի և տոնածառի տակ թողնի բաղձալի նվերը: Այս հոլովակը հենց հրաշքին հավատացող ու մանկական երազանքների աշխարհում ապրող փոքրիկների մասին է, ովքեր կտեսնեն ոչ միայն իրենց նկարներն ու նվերը, որը խնդրել էին Ձմեռ պապից, այլև բարի խրատներ ու լավ մաղթանքներ կստանան»:
Լիլիթի խոսքով՝ «Ամանորյա հեքիաթ» ֆիլմը հնարավոր է պատվիրել DVD սկավառակով կամ ուղղակի գնել ֆիլմի հղումը. «Բավականին մեծ է հետաքրքրությունը, պատվերները շատ են, բայց մենք սիրով ենք աշխատում: Պատվիրատուների հիմնական մասը երեխաներին դեռ ցույց չի տվել հոլովակը, սակայն ծնողների արձագանքն էլ պակաս հետաքրքիր ու զարմանալի չէ: Նույնիսկ եղել են ծնողներ, որ հուզվել են հոլովակը դիտելիս: Մոտ օրերս սպասում ենք արդեն երեխաների արձագանքին»:
Խոսելով գնային քաղաքականության մասին՝ Լիլիթը նշեց, որ փորձել են միջին սանդղակը պահել այնպես, որ հեքիաթը հասանելի լինի բոլորին. «Մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն է, ինչպես նաև գործում են զեղչեր: Հոլովակի արժեքն իրականում ֆիքսված է, բայց շատ դեպքերում ընդառաջում ենք, եթե տեսնում ենք, որ կա մեծ ցանկություն, ու խանգարող միակ հանգամանքը գումարն է: Պետք է անպայման նշեմ, որ էականը գինը չէ, մենք ուզում ենք բարի գործ անել ու երեխաներին երջանկություն պարգևել»:

Մի՛ մոռացեք, երազանքները կատարվելու հատկություն ունեն, միայն պետք է շա՜տ ցանկանալ: Եթե ձեր փոքրիկը դեռ նամակ չի գրել Ձմեռ պապին, շտապե՛ք, Ամանորի հեքիաթն արդեն մոտ է:
Մանրամասների համար այցելեք այստեղ։
Նյութը՝ Էմմա Վարդանյանի