Երևանի ավագանու անդամի կարծիքով կատարվածը ահաբեկչություն էր
ПолитикаԻնչպես արդեն Orer.am-ը տեղեկացրել է, այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը խաթարեց նիստի բնականոն աշխատանքային ընթացքը: Ստեղծված իրավիճակի հետևանքով հիվանդանոց տեղափոխվեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը: Orer.am-ին հաջողվեց կապ հաստատել ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանի հետ, ով ներկա էր եղել նիստին: Նա դեպքի մասին Orer.am-ի թղթակցին ասաց: «Սա կարելի է սեփական գործընկերների հանդեպ իրականացվող ահաբեկչություն որակել, քանի որ Հեղինեն, մասնագիտությամբ լինելով կենսաքիմիկ, շատ լավ հասկանում է H2S նյութի վտանգը, որը նյարդային և շնչառական ախտահարում է առաջացնում»,- ասաց Հ. Սարգսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառն էլ հավանաբար դա է եղել: Խոսելով այս պահին Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակի մասին՝ Հ. Սարգսյանն ասաց, որ նիստը վերսկսվել է և ընթանում է իր բնականոն ընթացքով: «Հուսով ենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները խելամիտ կգտնվեն և չեն շարունակի իրենց անիմաստ և ահաբեկչական քայլերը: Ամեն դեպքում քաղաքապետի կողմից իրավիճակը վերահսկելի է, այնպես որ, մենք հանգիստ, նորմալ շարունակում ենք մեր աշխատանքի ընթացքը»,- ասաց Հ. Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները նույնպես մասնակցում են նիստին, և այս պահին նիստ է ընթանում:
Արմինե Գրիգորյան