Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի Դուգոր գյուղում ապրում էին 4 հազար եզդի ընտանիքներ, նաև արաբներ եւ քրդեր: Օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ միասին գյուղի արաբներն ու քրդերը ևս թալանել ու սպանել են եզդի բնակիչներին,- հայտնում է ORER.am-ը:
«Մեր հարևան քրդերն ու արաբները սպիտակ դրոշներ բարձրացրին իրենց տանիքներին, որպեսզի ահաբեկիչներն իրենց հարազատ ընդունեն»,- ասում է 39-ամյա Ֆակիր Ալին՝ Դուգոր գյուղից:
Հարձակման հետևանքով Ֆակիր Ալին և նրա ընտանիքը ևս մի քանի օր ապրել են Սինջար լեռան վրա, սովի եւ ծարավի պայմաններում՝ ականատես լինելով սովամահ եղող մանուկների և ինքնասպան կանանց:
«100 եզդի աղջիկներ միասին ինքնասպան եղան՝ նետվելով ժայռից: Նրանց համար անտանելի էր միայն այն միտքը, որ կարող էին գերի ընկնել իսլամիստների մոտ և պատվազրկվել: Գիտեք, մեզ համար մեռնելը հոգ չէ: Ամեն եզդու համար կարևոր են իր պատիվն ու նամուսը, որը մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում պահում ենք: Ո՞ւմ է պետք աննամուս կյանքը: Սրանք էին այն պատճառները, ինչի համար աղջիկներն ինքնասպանություն գործեցին»,- արցունքները սրբելով՝ ասում է Ֆակիր Ալին և ավելացնում, որ սովամահ մանուկների լացը դեռ ականջներում է, ու դժվար թե կյանքում գա մի օր, որ մոռանա այդ ձայնը:
«Աննկարագրելի էր այդ ցավը տեսնել, թե ինչպես է մայրը կտրում իր երակները, որպեսզի զավակը ծարավից չմեռնի: Հուսահատ քայլ էր եզդի մոր կողմից, բայց մայրական սիրուն սահմաններ չկան»,- նկատում է եզդի փախստականը:
Ալին փրկության հույս չի ունեցել, ամեն պահ սպասել է, որ իրեն էլ կսպանեն, սակայն Քրդական բանվորական կուսակցության զինյալների աջակցությամբ նա և իր ընտանիքը հասել են Թուրքիայի Բաթման քաղաք: Բաթմանում ընտանիքի սննդի հարցը լուծված է, սակայն կա ապաստանի խնդիր:
«Օրվա մեջ պատահում է, որ մի այգուց մեկ այլ այգի ենք տեղափոխվում: Չենք տրտնջում, քանի որ մարդիկ փրկել են մեզ պատվազրկությունից եւ սպանդից»: Ֆակիր Ալիի ընտանիքի անդամները չեն զոհվել, սակայն նրա հորեղբայրը` ընտանիքի 37 անդամների հետ միասին, Դուգոր գյուղում գերի է ահաբեկիչներին, և նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
«Հորեղբորս ընտանիքի ճակատագիրը դեռևս անհայտ է ինձ: Նրանք պատանդ են իսլամիստներին և գուցե արդեն ողջ էլ չեն»,- խեղդվող ձայնով ասում է Ալին:
Ինքը՝ Ալին, չի ցանկանում այսուհետ Իրաք վերադառնալ, քանզի համոզված է, որ արաբներն ու քրդերն այլևս հանգիստ չեն տա իրենց:
Զեմֆիրա Քալաշյան